
«Կորցված, գտնված, թաքցված» (Zaginiony, Odnaleziony, Ukryty)
Վավերագրական ֆիլմ
Ռեժիսոր՝ Վահրամ Մխիթարյան
Սցենարի հեղինակ՝ Վահրամ Մխիթարյան, Ալեքսանդրա Մայջինսկա
Արտադրություն՝ Լեհաստան–Հայաստան («Կաթնեղբայր» Հիմնադրամ, Հայաստանի Կինոյի Հիմնադրամ)
Արտադրության տարեթիվը / տևողությունը՝ 2025 թ. / 58 րոպե
Լեզու՝ հայերեն, լեհերեն, անգլերեն
Վավերագրական ֆիլմը բացահայտում է 12-րդ դարի Սկևրայի Ավետարանի արտասովոր ճակատագիրը. մի մատյան, որն անցել է դարավոր և առեղծվածներով լի ճանապարհ՝ Միջերկրական ծովի ափին գտնվող միջնադարյան Կիլիկյան թագավորությունից մինչև ժամանակակից Լեհաստան:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձեռագիրն անհետացել էր առանց հետքի, որպեսզի միայն 1993 թվականին պատահականորեն հայտնաբերվեր… և կրկին անհետանար: Դրա ուղին՝ լի թաքստոցներով, վերադարձներով և անբացատրելի շրջադարձերով, արտացոլում է Լեհաստանի հայ փոքրամասնության դրամատիկ պատմությունը: Այս համատեքստում Ավետարանի ճակատագիրը ձեռք է բերում խորհրդանշական նշանակություն՝ դառնալով հիշողության, ինքնության և ավանդույթների գոյատևման նշան:
Ֆիլմը հետևում է այն մարդկանց հետքերով, ովքեր պատմության տարբեր փուլերում առնչվել են մատյանին և վճռորոշ դեր են խաղացել դրա փրկության գործում: Նրանք վկաներ են, պահապաններ, հոգևորականներ, մշակութային ժառանգության նվիրյալներ՝ մարդիկ, որոնց կյանքում Ավետարանի
ներկայությունը թողել է անջնջելի հետք:
Սա պատմություն է մշակութային բացառիկ հուշարձանի, բայց նաև համայնքի, պատմության և հիշողության ուժի մասին, որը հաղթահարում է ժամանակի սահմանները:
