Մեր մասին
Որպես «Կաթնեղբայր» հիմնադրամ (Fundacja Mlecznego Brata) ՝ մեր գործունեության առանցքում Արևելյան Եվրոպայում մշակութային երկխոսության խթանումն է: Հիմնվելով անձնական փորձառության վրա և կիրառելով արվեստի լեզուն՝ մենք փնտրում ենք համապարփակ ուղիներ պատմելու մեզ շրջապատող աշխարհի բազմազանության և բազմաշերտության մասին: Գրականությունը, կինոն, գեղանկարչությունը, քանդակագործությունը, լուսանկարչությունը, ինչպես նաև հետազոտական և կրթական նախաձեռնությունները այն ոլորտներն ու գործունեության ձևերն են, որոնց միջոցով մենք բարձրաձայնում ենք ընդհանուր արժեքների մասին և քարոզում բազմամշակութայնություն՝ ձևավորելով կայուն կապ ստեղծագործողի և նախաձեռնող հանդիսատեսի միջև:
Մենք նկարահանում ենք ֆիլմեր, թարգմանում և հրատարակում ենք ժամանակակից հայ գրականություն, կազմակերպում ենք դասընթացներ, ցուցահանդեսներ, բանավեճեր, արվեստի աճուրդներ և այլ սոցիալ- մշակութային նախագծեր: Մեր հիմնադրամի գործունեության հիմնարար առանցքում դիտարկում ենք հայ լեհական հարաբերությունների զարգացումը եւ լեհահայերի մշակութային ժառանգության պահպանումը։
Մեր տասնամյա գործունեության ընթացքում համագործակցել ենք այնպիսի կառույցների հետ, ինչպիսիք են՝ Լեհաստանի Ներքին գործերի և վարչարարության նախարարությունը (Ազգային փոքրամասնությունների դեպարտամենտ), Յուլիուշ Մերոշևսկու անվան երկխոսության կենտրոնը, Գդանսկի քաղաքապետարանը, Լեհաստանի Մշակույթի և ազգային ժառանգության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, Լեհաստանի Գիտությունների ակադեմիային կից Լեհահայոց մշակույթի ուսումնասիրության կենտրոնը (Կրակով), Բյալիստոկի մշակույթի կենտրոնը և «Պատմության հետ հանդիպման տունը» (Dom Spotkań z Historią): Լեհաստանի Ազգային գրադարանը, Մատենադարան Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը, Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը եւ այլն։
Մինչ օրս մենք իրականացրել ենք լեհ-հայկական երեք համատեղ կինոնախագիծ։ Մեր ջանքերով կյանքի է կոչվել լեհ-հայկական առաջին կարճամետրաժ խաղխրկային ֆիլմը՝ «Կաթնեղբայրը» (Mleczny brat), (որպես սցենարի հեղինակներ և ռեժիսոր), ինչն էլ ուղղակի ներշնչանք է հանդիսացել մեր Հիմնադրամի անվան համար։
Լեհ-հայկական ֆիլմ ստեղծելու երազանքը հասունացել էր մեզնից դեռ շատ առաջ։ 1967 թվականին հայկական արմատներով ականավոր ռեժիսոր Եժի Կավալերովիչը կնոջ՝ Լյուցինա Վիննիցկայայի հետ առաջին անգամ այցելեց Հայաստան։ Այդ այցի ընթացքում նախնական պայմանավորվածություններ ձեռք բերվեցին համատեղ արտադրություն ստեղծելու վերաբերյալ, որում հայկական կողմից պետք է ներգրավվեին Կոստան Զարյանը, Առնո Բաբաջանյանը և Մարտիրոս Սարյանը։ Ցավոք, այդ գաղափարն այն ժամանակ չիրականացվեց։
Մեկ այլ նշանակալի դրվագ կապված է լեհահայ Անջեյ Մանդալյանի Երևան կատարած այցի հետ։ Մանդալյանն այն ժամանակ ընդունեց համատեղ ֆիլմի սցենարի շուրջ աշխատելու առաջարկը։ Սյուժեն պետք է սկսվեր Վարշավայի կոնսերվատորիայի երիտասարդ ասպիրանտ Էվայի պատմությամբ, ով Ֆրեդերիկ Շոպենի օրագրերում գտնում է հիշատակում նրա արտակարգ տաղանդավոր հայազգի աշակերտի՝ Կարոլ Միկուլիի կորած մազուրկայի մասին։ Միկուլիի մազուրկայի որոնումները Էվային տանում են Լվով, ապա՝ Էջմիածին։ Ֆիլմի ռեժիսորը պետք է լիներ Լաերտ Վաղարշյանը։ Սակայն խորհրդային տարիներին միջազգային համատեղ արտադրության իրականացումը չափազանց բարդ էր և պահանջում էր Մոսկվայի հաստատումը։
Պահանջվեց մոտ կես դար, որպեսզի մեր տաղանդավոր նախորդների լեհ-հայկական կինոհամագործակցության գաղափարը վերջապես պսակվեր հաջողությամբ։ Դա տեղի ունեցավ 2014 թվականին իրականացված առաջին համատեղ արտադրությունների շնորհիվ՝ խաղարկային («Կաթնեղբայր») և վավերագրական («Հովվի երգը») ֆիլմերի տեսքով։

Ալեքսանդրա Մայջինսկա — գրող, սցենարիստ, թարգմանիչ, նախագծերի համակարգող:
Լեհերենի ուսուցչուհի Արևելքում. երկար տարիներ աշխատել է Երևանում և Օդեսայում,
հանդիսանում է Երևանի պետական համալսարանի և Լեզվաբանական համալսարանի լեհերենի կաբինետների համահիմնադիրը: Նա ամբողջ սրտով կապված է Հայաստանի և Արևելքի հետ, ինչն առանձնահատուկ կերպով զգացվում է նրա հեղինակած գրքերում՝ «Մորկուտ» (Morkut) և «Շալոմ, բոնժուր Օդեսա» (Szalom, bonjour Odessa): Ազգային գրադարանի կողմից շնորհվող Մարեկ Նովակովսկու անվան մրցանակի և Բիդգոշչի տարվա գրական «Աղեղնավորի նետը» (Strzała Łuczniczki) մրցանակի դափնեկիր է: «Կաթնեղբայր» (Mlecznego Brata) հիմնադրամի նախագահն է:

Վահրամ Մխիթարյան — ռեժիսոր, լուսանկարիչ, սցենարիստ, թարգմանիչ, «Կաթնեղբայր» հիմնադրամի փոխնախագահ: Հիմնադրամում պատասխանատու է տեսալսողական նախագծերի, այդ թվում՝ վավերագրական ֆիլմերի իրականացման համար: Լեհաստանում և արտերկրում բազմաթիվ մրցանակների արժանացած ֆիլմերի հեղինակ է, որոնցից են «Կաթնեղբայր» (արտադրություն՝ Studio Munka SFP) խաղարկային և «Հովվի երգը» (արտադրություն՝ Wajda Studio) վավերագրական ֆիլմերը: Գդանսկի Գեղարվեստի ակադեմիայի (ASP) Քանդակագործության և ինտերմեդիայի ֆակուլտետի դոցենտ է, Լուսանկարչության բաժնի դասախոս, ինչպես նաև Կինոյի և վիդեոյի փոքր ձևերի միջֆակուլտետային ամբիոնի վարիչ: Լեհաստանի կինեմատոգրաֆիստների միության Ռեժիսորների խորհրդի անդամ է, ինչպես նաև նույն միության Եռաքաղաքի (Տրույմիաստո) մասնաճյուղի համահիմնադիր անդամ։

Ադրիանա Մայջինսկա — քանդակագործ, զբաղվում է գծանկարչությամբ, գեղարվեստական նախագծերով և սոցիալական նախաձեռնություններով: 2000 թվականին ավարտել է Գդանսկի Գեղարվեստի ակադեմիայի (ASP) Քանդակագործության ֆակուլտետը՝ պրոֆեսոր Սլավոյ Օստրովսկու արվեստանոցը: 2006 թվականից մասնագիտական գործունեությունը կապված է հարազատ բուհի հետ, իսկ 2019 թվականից հանդիսանում է նույն ակադեմիայի պրոֆեսոր: «WL4 Przestrzeń Sztuki» (Արվեստի տարածք) նախագծի համահիմնադիրն ու համակարգողն է: Իր ստեղծագործություններում նրան հետաքրքրում է տարածական ձևը՝ դասական ըմբռնմամբ: Հիմնականում աշխատում է փայտի հետ, սակայն օգտագործում է նաև մետաղ, քար, բետոն և կերամիկա: Նրա իրականացրած շարքերից են՝ «Յոթ մահացու մեղքերը» (2000), «Militaria» (2002), «Մասնատուփեր» (2011), «Natural Killers» (2021), «con/Temporary» (2021) և շատ ուրիշներ: Իր աշխատանքները ներկայացրել է ավելի քան տասնյակ անհատական և յոթանասունից ավելի խմբակային ցուցահանդեսներում: Հանրային տարածքներում տեղադրված լայնաֆորմատ ստեղծագործությունների հեղինակ է:
